Վերադառնալ
Բեկոն Պրոդուկտ ընկերության արտահանման ծավալների աճը նախորդ տարվա համեմատ այս տարի կհասնի 20 տոկոսի
Բեկոն Պրոդուկտ ընկերության արտահանման ծավալների աճը նախորդ տարվա համեմատ այս տարի կհասնի 20 տոկոսի
09.12.2013

«Բեկոն Պրոդուկտ» ընկերության կողմից արտադրվող եւ ոչ մի տեսականու գին մինչեւ տարվա վերջ չենք պատրաստվում բարձրացնել, սակայն չի բացառվում, որ որոշ փոքր խանութներ կբարձրացնեն իրենց մանրածախ գները: Այս մասինNEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց «Բեկոն Պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը: Ընկերության տնօրենի հետ տարին ամփոփող հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Բեկոն Պրոդուկտ ընկերությունը հայկական շուկայում իր գործունեությունը ծավալում է  շուրջ 18 տարի, եթե փուլային բնորոշելու լինեիք ընկերության գործունեությունն ինչպես կներկայացնեիք.


Գործունեության առաջին տարիներին մեր ընկերության կողմնորոշումը բացառապես տեղական շուկան էր: 90-ականների դժվարությունները հաղթահարելուց հետո  2000-ական թվականներից ընկերությունը սկսեց զարգացնել նաեւ արտահանման հնարավոր ուղղությունները: Տարեցտարի արդիականացնելով արտադրամասը եւ կատարելագործելով արտադրանքի որակը, մեր ընկերությունը սկսեց համագործակցության եզրեր փնտրել նաեւ Հայաստանի սահմաններից  դուրս: 2010թ. Ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքվեց Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի տեխնոլոգների հետ համատեղ սկսեց արտադրվել Դոկտոր ապրանքանիշի երշիկները բացառապես տեղական մսից, որը նոր փուլ եւ նոր էջ կարելի է համարել ինչպես մեր ընկերության համար, այնպես էլ՝ հայկական մսամթերքի արտադրության ոլորտում:

 

Ո՞ր գործոններն են, ըստ Ձեզ, կարեւոր նշանակություն ունեցել ընկերության զարգացման գործում.


Կարեւորագույն գործոնը բարձրորակ արտադրանք ունենալն է: Երբ  հետեւողական ես  քո որդեգրած սկզբունքների պահպանման հարցում, անընդհատ ձգտում ես կատարելագործման, գործունեությունդ  աննկատ չի կարող մնալ եւ չգնահատվել:

 

Դուք նշեցիք, որ ընկերությունը համագործակցության եզրեր է փնտրում  նաեւ Հայաստանից դուրս եւ իրականացնում է նաեւ արտահանում: Այս առումով ի՞նչ ձեռքբերումներ կան, եւ ի՞նչ ծավալների է հասել արտահանումն այսօր: Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանը զրոյացրել է արտահանման մաքսատուրքերը մեր համար: Այս հանգամանքը, ինչպես նաեւ ՄՄ-ի անդամակցելու հեռանկարը ինչպիսի՞ ազդեցություն կունենա ձեր բիզնեսի վրա:


Ցանկացած մաքսատուրքի նվազեցում նպաստում է տվյալ շուկայում մրցունակ գին ունենալուն: Այն բոլոր գործոնները, որոնք նպաստում են արտահանման շուկաների ընդլայնմանը բնականաբար դրական ազդեցություն կունենան այն բոլոր ընկերությունների վրա, որոնք ունեն արտահանման համար համապատասխան արտադրանք: Ներկայումս ակտիվ աշխատանքներ ենք տանում արտերկրի մեր գործընկերների հետ, ինչպես նաեւ փնտրում ենք համագործակցության եւ գործընկերության նոր ուղիներ: Բեկոն Պրոդուկտ ընկերությունն այսօր հասել է զարգացման այն մակարդակին, որ արտահանման ծավալների մեծացումն ու աշխարհագրության ընդլայնումն անխուսափելի են: Մեր ընկերության կողմից արտադրվող գրեթե ողջ արտադրատեսականին, որը սպառվում է  ներքին շուկայում, այսօր արտահանվում է: Արտադրանքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին եւ բարձր որակը նոր շուկաներ որոնելիս վստահություն է ներշնչում ինչպես ներկրողներին, այնպես էլ՝  մեզ արտադրողներիս: Ինչ վերաբերվում է արտահանման ծավալներին, ապա 2011-2012թթ-ից սկսել ենք ակտիվորեն ծավալները մեծացնել, այս տարի արտահանման ծավալների աճը նախորդ տարվա համեմատ կհասնի 20%-ի:

 

Տեղյակ ենք, որ Վրաստան արտահանում եք իրականացնում: Մինչեւ սեպտեմբեր Հայաստանը եւ Վրաստանն աշխատում էին Արեւելյան գործընկերության ուղղությամբ, սակայն սեպտեմբերին կտրուկ վիճակ փոխվեց, որն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում նաեւ հայաստանցիների: Այժմ Հայաստանը եւ Վրաստանը փաստորեն տնտեսական հակամարտության տարրեր պարունակող տարբեր բլոկների ուղղություն ունեն: Արդյոք սեպտեմբերից հետո փոփոխություններ տեղի՞ են ունեցել Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ Վրաստանի կողմից:


«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն արդեն մի քանի տարի է ինչ արտահանում է իրականացնում Վրաստան եւ առ այսօր ոչ մի խնդիր չի ունեցել արտահանման ժամանակ, չեմ կարող արձանագրել որեւէ փոփոխություն այդ առումով,  քանի որ մինչ այդ էլ չենք ունեցել ոչ մի տեխնիկական խնդիր: Մեր արտադրանքի իրացումները տարեց տարի ավելանում են Վրաստանում, եթե անցյալ տարի մեր արտադրանքն առկա էր մոտ 500 խանութում, այս տարի արդեն 1000-ից ավելի եւ դեռ շարունակում է ավելանալ:

 

Կոնկրետ, ո՞ր արտադրատեսակներն են Վրաստան արտահանվում եւ ինչպե՞ս եք լուծել անվանումների ու փաթեթավորման հարցը.


Ինչպես արդեն նշեցի, մեր ընկերության կողմից արտադրվող գրեթե ողջ արտադրատեսականին, որը սպառվում է  ներքին շուկայում, այսօր արտահանվում է: Այսինքն արտահանման համար առանձին տեսականի չկա, արտադրվող մսամթերքը եւ՛ ներքին, եւ՛ արտաքին շուկայի համար նույնն է: Անվանումների եւ փաթեթավորման հարցը լուծվում է, հավելյալ պիտակավորման միջոցով, այսինքն Վրաստան ուղարկվում է նույն արտադրանքը, ուղղակի վրան փակցվում է նաեւ վրացերեն լեզվով պիտակ:

 

Բնականաբար արտահանման ծավալների մեծացումը շատ կարեւոր է ընկերության համար,  նպաստել է այն արդյոք ընկերությունում նոր աշխատատեղերի ստեղծմանը, եթե այո, ապա որքանով.


Աշխատակազմն ընկերության զարգացման հետ զուգահեռ բնականաբար ընդլայնվել է, երբ Բեկոն Պրոդուկտ ընկերությունը նոր հիմնադրվեց արտադրամասում աշխատում էին ընդամենը 12 հոգի, տարեց տարի այդ թիվն աճեց եւ այսօր գործարանն ունի 160 աշխատակից, համապատասխանաբար արտահանման աճը եւս նպաստել է այդ թվաքանակի ավելացմանը:

Ի դեպ նշեմ, որ մեր ընկերության մասնագետների նվիրվածության եւ աշխատասիրության շնորհիվ է նաեւ, որ Բեկոն Պրոդուկտ ընկերությունն այսօր կայացած ընկերություն է:

 

Կրկին վերադառնալով ՄՄ թեմային՝ ցանկանում եմ հարցնել, մտավախություն չկա արդյոք, որ ՄՄ անդամակցությունից հետո Հայաստանի մսամթերքի շուկայի ընկերությունների համար դժվար կացություն կստեղծվի: Ռուսաստանում այնուամենայնիվ մսամթերքի արտադրությունն ավելի զարգացած է, արտադրական ծավալներն անհամեմատ հզոր, իսկ ապրանքանիշերի «հեղինակությունը» որոշ դեպքերում ավելի բարձր:


Ցանկացած պարագայում շուկայում մրցակցության ավելացումը միշտ ավելի բարենպաստ պայման է բիզնեսի զարգացման համար, նաեւ կուզենայի նշել որ չեմ գտնում որ մենք էապես հետ ենք մնում մեր ռուսաստանյան գործընկերներից,  միեւնույն ժամանակ ուզում եմ կրկին նշել, որ մենք շարունակական կատարելագործում ենք մեր արտադրատեսակները եւ ցանկացած պարագայում վերջիվերջո կշահի սպառողը:

 

Մտադրություն ունեք աշխատել կառավարության հետ ՄՄ ուղղությամբ ձեւավորվող փաստաթղթերի կապակցությամբ: Նրանց կողմից գործարարներին տրամադրվում են արդյոք ՄՄ-ի արդեն իսկ ձեւակերպված տեխնիկական պահանջները, որովհետեւ այնտեղ կան նաեւ սահմանափակումներ: Օրինակ՝ ՄՄ տեխնիկական պահանջներով արդեն պարզ է, որ տուժելու են ներքնասզգեստ արտադրողները:


Եթե անհրաժեշտ լինի մեր մասնակցությունն իհարկե մենք պատրաստ ենք: Կարծում եմ, որ մութ կողմ ոչ մեկի համար չի մնա, յուրաքանչյուր հարց կգտնի իր պատասխանը:

 

Ամանորի նախօրեին «բարի ավանդույթի» համաձայն սնունդի շուկայում թանկացում ու դեֆիցիտ է գրանցվում: Ինչպե՞ս է նախապատրաստվել ձեր ընկերությունը տարվա ավարտին:


Պաշտոնապես հայտարարում եմ, որ Բեկոն Պրոդուկտ ընկերության կողմից արտադրվող եւ ոչ մի տեսականու գին մինչեւ տարվա վերջ չենք պատրաստվում բարձրացնել, սակայն չի բացառվում, որ որոշ փոքր խանութներ կբարձրացնեն իրենց մանրածախ գները: Ինչ վերաբերվում է դեֆիցիտներին կարծում եմ, որ դիֆիցիտներ չեն սպասվում:

 

Ամփոփելով տարին, ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ կարձանագրեք Բեկոն Պրոդուկտ ընկերության համար.


Կարեւորագույն ձեռքբերումն ինչպես նշեցի արտահանման ծավալների մեծացումն ու արտերկրում նոր գործընկերների հետ համագործակցությունն է: Ինչպես նաեւ աշխատակակիցների թվաքանակի աճը եւ տեղական շուկայում դիրքերի ամրապնդումը, որի արդյունքում ընկերությունը վստահաբար առաջ է շարժվում: 

Կարդացեք նաև