Վերադառնալ
Հայաստանի ամենաերկար հոթ դոգը
Հայաստանի ամենաերկար հոթ դոգը
18.07.2013

www.aravot.am

Հուլիսի 18-ի երեկոյան Սիրահարների այգում «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը կազմակերպել էր միջոցառում, որի շրջանակներում պատրաստվել էր Հայաստանի ամենաերկար՝ տասնչորս մետրանոց հոթ դոգը:  Ի դեպ, հենց 1957 թվականի հուլիսի 18-ին հուլիս ամիսը պաշտոնապես հայտարարվել է հոթ դոգի միջազգային ամիս, իսկ Միացյալ Նահանգներում հուլիսի 18-ը համարվում է հոթ դոգի օր: Մինչև միջոցառման սկիզբը հանդիսատեսին բաժանվեցին ընկերության կրծքանշաններ, դրոշակներ և թվեր, ըստ այդ թվերի՝ միջոցառման ընթացքում որոշվեց՝ ով կկտրի և «կկետչուպապատի» հոթ դոգը: Ըստ ընկերության արտադրամասի պետ Մարտին Պիչիկյանի, հոթ դոգը պատրաստվել է ընդամենը յոթ օրում, կշռում է տասներկու կիլոգրամ և օգտագործվել է տասնհինգ կիլոգրամ հումք՝ խոզի և տավարի միս, հոթ դոգի վրա աշխատել են ընկերության տասներկու աշխատակիցներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ արագ հոթ դոգ ուտելու մրցույթ, որին կարող էին մասնակցել տասնվեց տարին լրացած անձինք: Մրցույթի հաղթողը ստացավ նվեր՝ թվային ֆոտոխցիկ: Իսկ միջոցառման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: Թեև տասնչորս մետրանոց հոթ դոգը վերջացավ՝ հյուրասիրությունը դեռ շարունակվում էր: Հանդիսատեսներից շատերը ողջունում էին գաղափարը.

-  Վերջապես Հայաստանում էլ նման միջոցառում տեղի ունեցավ: Հուսով եմ, նման ակցիաները կշարունակվեն Հայաստանում:

- Չգիտեի, որ նման բան կա, ընկերներս են տեղեկացրել, հետաքրքիր է տեսնել նման արարողությունը էկրանից այս կողմ՝ սեփական աչքերով: Հուսանք՝ այս միջոցառումը կնպաստի Երևանի կրպակներում, խանութներում և արագ սննդի կետերում ուտելիքի անվանումը ճիշտ գրի առնելուն: 

Կարդացեք նաև